ԳլխավորԼուր

Այսօր Քրիստոսի Պայծառակերպության տոնն է` Վարդավառը

Հայաստանում այսօր՝ հուլիսի 7-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ապա լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: