ԳլխավորԼուր

Տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը միջոցառման ժամանակ նշեց, որ փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ:

Փառատոնի բացարձակ հաղթող անվանակարգում մրցանակակիր դարձավ «Գառնի տուն» ռեստորանը, որը տաղավարում ներկայացրել էր 7 տեսակի տոլմա՝ հորթի մսով, սնկով, պասուց տոլմա, Մշո տոլմա, սարի տոլմա, ամառային, դեղձով ու չրով տոլմա:

Թիմերը պայքարեցին «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Թիմերը պատրաստեցին տոլմայի մոտ 70 տեսակ: Թիմեր էլ կային, որոնք պատրաստեցին քաղցրավենիք, գաթա, փախլավա եւ այլն:

«Լավագույն մտահաղացում» անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց «Մաչանենց տունը», երկրորդ տեղը՝ Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը, առաջինում՝ «Էլեգանտ» ռեստորանային հյուրանոցային համալիրը: «Էլեգանտը» 193 մետրանոց տոլմա էր պատրաստել, որի թիմը ստացավ շնորհակալագիր եւ հավաստագիր, Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ գրանցվեց «Դյուցազնագրքում» եւ հնարավոր է նաեւ գրանցվի «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ երրորդ տեղ՝  «Գենացվալե» պանդոկը, երկրորդ՝ «Գարեջուր օնլայն» ընկերությունը, առաջին՝ Երեւանի թիվ 6 արեստագործական պետական ուսումնարանը:

«Լավագույն տեսք» անվանակարգում երրորդ տեղում էր Սեւանի «Ծաղկունք» հյուրատունը, երկրորդ տեղին արժանանացավ  «Հատիս» խոհարարական թիմը, առաջին տեղի մրցանակը ստացավ «Քամանչա» ռեստորանը: Լավագույն տաղավարի համար մրցանակ ստացավ «Մեգերյան կարպետ»-ի ռեստորանը, թեեւ մրցույթին չէր մասնակցել:

Հավելենք, որ տոլմայի փառատոնն անցկացվում է 2011թ.-ից։