ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Ուսանողական գարուն-2025» ամենամյա փառատոնը

Մեկնարկել է «Ուսանողական գարուն-2025» ամենամյա փառատոնը

Մայիսի 23-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում մեկնարկեց «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնը։

Այն կազմակերպվում է «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Օրհնության խոսք ասաց Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, որը միաբանության կոչ արեց երիտասարդներին։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։ Նա շնորահակալութուն հայտնեց բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին համալսարանի նախաձեռնությանը կրկին անգամ վստահելու համար և հույս հայտնեց, որ «Ուսանողական գարուն» փառատոնը հետագայում կդառնա քաղաքի այցեքարտերից մեկը։ Ողջույնի խոսք ասաց նաև Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական, համալսարանի դասախոս Արման Բերնեցյանը։

«Ուսանողական գարուն- 2025» ամենամյա փառատոնին մասնակցում են ուսանողներ Վանաձորի, Ստեփանավանի, Երևանի, Շիրակի, Իջևանի բարձրագույն ուսումնական հաստատություններից և քոլեջներից։

Փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան հետևյալ անվանակարգերում՝ երգչախումբ, գործիքային կատարումներ, մեներգեցողություն, զուգերգ, պարարվեստ, թատերարվեստ, որն իր մեջ ներառում է մոնոներկայացում, ասմունք և ներկայացում։

«Պարարվեստ» և «Թատերարվեստ» անվանակարգերի մասնակիցները ելույթ ունեցան Վանաձորի տիկնիկային թատրոնում։

«Ուսանողական գարուն-2025» փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան մայիսի 24-ին, ժամը՝ 16:00-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում, որտեղ կհայտարարվեն ժյուրիի կողմից ընտրված լավագույն մասնակիցների ու հաղթողների անունները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews