ԳլխավորԼուր

Առաքելական եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծեց, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց:

«Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է:

Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը։

Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատեց․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք»։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: