ԳլխավորԼուր

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները պարգևատրվել են

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները պարգևատրվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնին մասնակցող միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։

Փառատոնի ընթացքում 5 տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել 17 նախագիծ, 5 նախագիծ հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական փառատոններին, 12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի։

Հիշեցնենք, որ մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցի ներկայացրած «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարք», Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «Բուսական պոլիֆենոլները որպես բնական կոնսերվանտներ», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից ներկայացված «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» և Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցից ներկայացված «Տատանում գրանցող և ճանաչող օպտիկական գերզգայուն սարք» նախագծերը երաշխավորվել են միջազգային գիտության փառատոններին մասնակցելու համար:

Մասնագիտական ժյուրին առանձնացրել է տարբեր անվանակարգերի մրցանակակիրներին՝ 2 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 3 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 2 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերից:

12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի, իսկ Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի «Դեպի վեր» նախագիծն արժանացել է ISEF Community Innovation Award — 2023 մրցանակին։