ԳլխավորԼուր

Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրքերի շնորհանդես՝ Մատենադարանում

Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրքերի շնորհանդես՝ Մատենադարանում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և գրքերի հեղինակները:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ և բարձր գնահատել ոլորտի երախտավորների ներդրումը հուշարձանների պահպանության, երաշխավորման, հանրայնացման ու միջազգայնացման գործում:

Նախարարի տեղակալը ցավով նշել է, որ աշխարհաքաղաքական գործընթացների և վայրիվերումների համատեքստում ոչնչանում են մշակութային շերտեր, և դրան զուգահեռ՝ լուրջ առճակատումներ են տեղի ունենում տեղեկատվական դաշտում։

Նա շնորհակալություն է հայտնել այն հաստատությունների ներկայացուցիչներին և հրատարակությունների հեղինակներին, որոնք օգտվել են դրամաշնորհի հնարավորությունից, և որոնց աշխատանքի արդյունքում սեղանին են դրել հանրամատչելի, լուրջ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ աշխատությունները՝ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք-ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն):

Նշենք, որ ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կա՛մ չկան, կա՛մ խիստ սակավ են:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին: