ԳլխավորԼուրԿրթություն

ԵՊՀ-ի կոչը ՀՀ ներկա և ապագա բոլոր իշխանություններին

ԵՊՀ շենք

Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։ Այս մասին նշված է Երեւանի պետական համալսարանի հայտարարության մեջ։

«Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաև հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական և իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում կրթության և գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաև այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։

Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաև հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձևակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որևէ հստակ քայլ չարվեց։ Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։

Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։

Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։  Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի համար։

Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։

Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաև գիտական կոչումներ շնորհելիս։

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, և այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի և վտանգավոր դրույթներ։

Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ռազմական, տնտեսական և ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում` գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է և վնասակար: Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաև, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք.

• Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու և սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում:

• Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։

• Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։

• Ավարտին հասցնել բարձրագույն կրթության և գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։

Կոչ ենք անում ՀՀ ներկա և ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչև դոկտորանտուրա, և գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Comment here