ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ասպիրանտը հաղթել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթում

Լիլիթ Գեւորգյան

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Լիլիթ Գևորգյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է:

Ysu.am-ին Լիլիթը պատմել է գիտական թեմայի կարևորության, համալսարանական  կյանքի և գիտնական կնոջ դերի մասին:

էֆեկտիվ միկրոալիքային պաշտպանության կարևորության մասին

Լայն կիրառման շնորհիվ էլեկտրամագնիսական կլանիչները տարածված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրամագնիսական համատեղելիությունը, սենսորների, բոլոմետրերի, արևի էներգիայի կուտակումը, ջերմային ճառագայթման և պասիվ սառեցման նոր տեխնոլոգիաների ոլորտները:

էֆեկտիվ միկրոալիքային պաշտպանություն են պահանջում նաև տարբեր սարքերի ռազմական և օդատիեզերական կիրառումները. «անտեսանելի» ինքնաթիռներ, երկրային ռազմական սարքավորումների քողարկում, ռադիոլոկացիոն հետախուզությանը հակազդող միավորները և անարձագանք սենյակների նախագծում:

Այս առումով նոր ռադիոկլանիչ նյութերի նախագծումը վերջերս դարձել է խնդիր և պահանջում է լայնածավալ հետազոտական աշխատանքներ:

Մրցույթում հաղթելու համար մեծ է ԵՊՀ-ի դերը

Այս հարցում ԵՊՀ-ի դերը շատ մեծ է՝ ի դեմս իմ գիտական ղեկավարի, որն ինձ ուղղորդել և մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնել։

Կարծում եմ` ներկայացված թեմայի արդիականությունը մեծ դեր ունի այսօրինակ մրցույթներում հաղթելու համար:

Կարևոր են նաև նախնական տվյալները, որոնք կարող են լավ վերջնարդյունք երաշխավորել։

Գիտությամբ զբաղվելու մասին չէի մտածում

Բուհ ընդունվելիս երբևէ չէի մտածի, որ կզբաղվեմ գիտությամբ, այդ ժամանակ թերահավատորեն էի մոտենում գիտական գործունեությանը, քանի որ չունեի հստակ պատկերացում, սակայն մասնագիտական արդի հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում ձևավորվեց մեծ հետաքրքրություն ոլորտի հանդեպ։

Գիտնականների հանդեպ մոտեցումը կարծրատիպային է

Հասարակության վերաբերմունքը գիտնականների հանդեպ կարծրատիպային է, որը հաճախ խոչընդոտ է դառնում այս ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար:

Լիլիթ Գեւորգյան

Հայաստանում ռեսուրսների պակասի պատճառով փորձարարական գիտությամբ զբաղվելը բավականին դժվար է։

Մեր խումբն ակտիվ զբաղվում է փորձարարական հնարավորությունների ընդլայնմամբ, արդեն ունենք որոշակի հաջողություններ, հուսանք մոտակա տարիներին կունենանք միջազգային ստանդարտներին բավարարող գիտահետազոտական լաբորատորիաներ։

ՀՀ-ում մեծանում է կանանց դերը գիտության մեջ

Կանայք խելացի են և հեռանկարային։ Այժմ Հայաստանում նկատվում է դրական միտում գիտության մեջ կանանց դերի մեծացման հարցում։ Վերջերս ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ  գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում հաճախ ենք լսում կին գիտնականների ղեկավարած դրամաշնորհների մասին:

Գիտության ֆինանսավորումը ոգևորիչ է

Հաշվի առնելով պետության կողմից աջակցման ծրագրերը՝ կարող եմ իմ օրինակով ասել, որ դրանք ոգևորիչ են, թույլ են տալիս մնալ գիտության ոլորտում, ստեղծագործել և ապահովել բարեկեցիկ կյանք՝ նպաստելով գիտության զարգացմանը հենց մեր հայրենիքում։