Մարդու, վայրի բնության ու էկոհամակարգերի փոխազդեցության, հիվանդությունների փոխանցման խնդիրների ուսումնասիրման, ինչպես նաև այդ ուղղություններով տեսական ու գործնական գիտելիքներ զարգացնելու նպատակով ապրիլի 23-ից մայիսի 2-ը Հայաստանում անցկացվեց «Մեկ առողջություն՝ մարդ-վայրի բնություն փոխազդեցությունը» խորագրով միջազգային ամառային դպրոց։
Ամառային դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Վիեննայի բնական պաշարների և բնական գիտությունների համալսարանի, Վիեննայի բժշկական և անասնաբուժական համալսարանների հետ համատեղ։
Ամառային դպրոցի ծրագրում ընդգրկված էին վերոնշյալ համալսարանների առաջատար մասնագետների դասախոսություններ, լաբորատոր պարապմունքներ և դաշտային ուսումնասիրություններ։ Միջոցառմանը մասնակցեցին ԵՊՀ և արտերկրի բուհերի շուրջ երկու տասնյակ ուսանողներ։
Ամառային դպրոցի շրջանակում Վայոց Ձորի Հորս գյուղի և Կոտայքի մարզի Հանքավան գյուղի շրջակայքում կատարվեցին դաշտային հետազոտություններ, որոնց ժամանակ լանդշաֆտների առանձնահատկություններին համապատասխան ներկայացվեցին տարբեր կենդանատեսակների մշտադիտարկման մեթոդները։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայում մասնակիցները կատարեցին որոշ կենդանիների հերձումներ և տարբեր մակաբույծների հետազոտություններ։
Ամառային դպրոցի վերջին օրը մասնակից ուսանողները հանձնեցին եզրափակիչ քննություն՝ վաստակելով 3 ECTS կրեդիտ։ Ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Ամառային դպրոցն անցկացվեց «Կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկ կենսահսկողության կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է «APPEAR» ծրագրի միջոցով՝ Ավստրիայի զարգացման համագործակցության և OeAD-ի աջակցությամբ։