ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում աշխատում են հակաքաղցկեղային դեղամիջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում

Հակաքաղցկեղային դեղերի համատեղ կիրառությունը, բացի քաղցկեղային օջախների վրա ազդելուց, շատ հաճախ վնասում է նաև առողջ օրգանները և հյուսվածքները: Այդպիսի համակցությունների առավել անվնաս չափաբաժիններ ստեղծելու նպատակով ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրում են բլեոմիցին-ցիսպլատին հակաքաղցկեղային համակցված քեմոթերապիայի ազդեցությունը լյարդի և ուրցագեղձի վրա:

Ակնկալվող տվյալները հնարավորություն կտան մշակելու նշված քեմոթերապիայի նոր և անվտանգ սխեմաներ, որոնք կկանխեն ուռուցքների աճը և միաժամանակ հնարավորինս քիչ կողմնակի բացասական ազդեցություն կթողնեն առողջ հյուսվածքների և օրգանների վրա։

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայում իրականացվող «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման երեք տարի ժամկետով ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

2021 թվականից իրականացվող գիտական նախագիծն ուղղված է բլեոմիցինի և ցիսպլատինի համատեղ ազդեցության ուսումնասիրությանը բջջակորիզային ԴՆԹ-ի կառուցվածքի, քրոմատինի փաթեթավորման և այն կարգավորող ԱԿՖ-ռիբոզ պոլիմերացման վրա:

Գիտական խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, կ.գ.թ. Անուշ Ասատրյանը, անդրադառնալով գիտական թեմայի կարևորությանը, շեշտեց.

«Հիմնվելով մեր կատարած ուսումնասիրությունների վրա՝ կարող ենք ասել, թե որ համակցությունը ինչպես և ինչ խտությամբ է անհրաժեշտ օգտագործել՝ հնարավորինս քիչ կողմնակի ազդեցություններով առավելագույն դրական և բուժիչ ազդեցություն ունենալու համար»։

Նախագծի շրջանակում տպագրվել է երկու գիտական հոդված միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Այժմ գիտական խումբն աշխատում է մեկ այլ հոդվածի ուղղությամբ:

Գիտական խմբի անդամներն են ԵՊՀ կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Իրինա Արծրունին, ԵՊՀ ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մարիետա Միքաելյանը, ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտ, մագիստրոս Լուսինե Ասլանյանը: Նախագծի արտասահմանյան խորհրդատուն է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ, Իլինոյսի համալսարանի բժշկական քոլեջում (ԱՄՆ) գիտության գծով պրոֆեսորի ասիստենտ, կ.գ.թ. Լուսինե Դեմիրխանյանը:

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լուսինե Դեմիրխանյանը երկու շաբաթով այցելել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ կատարվող գիտական գործընթացներին անձամբ ծանոթանալու, մասնագիտական քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության հեռանկարներն ուղենշելու նպատակով:

Մեզ հետ զրույցում կարևորելով այս համագործակցությունը՝ Լ. Դեմիրխանյանը նշեց.

«Շատ լավ հիշողություններ ունեմ ԵՊՀ-ում սովորելու, աշխատելու տարիներից, իսկ 13 տարի անց հարազատ ֆակուլտետի գործընկերներիս հետ կրկին գիտական գործունեություն ծավալելը և ոլորտը զարգացնելու նպատակով արտերկրում կիրառվող նոր մեթոդները Հայաստանում ներդնելն ինձ համար չափազանց ուրախալի և սպասված են»:

Անուշ Ասատրյանն ասաց, որ ապագայում նախատեսում են խորացնել համագործակցությունը՝ երիտասարդ գիտաշխատողներին, ասպիրանտներին հնարավորություն տալով գնալու Իլինոիսի համալսարան և այնտեղ կատարելու հետազոտություններ: Լուսինե Դեմիրխանյանն էլ ընդգծեց, որ ԵՊՀ գործընկերների հետ քննարկել են առաջիկայում այլ դրամաշնորհների դիմելու և գիտական նոր ուղղություններ զարգացնելու հնարավորությունները:

Նշենք, որ ԵՊՀ կատարած այցի ընթացքում Լ. Դեմիրխանյանը կարդացել է դասախոսություն՝ «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետազոտության ու բուժման հնարավորությունները: Տարածքային գենոմիքսի տեխնիկան՝ որպես վստահելի մեթոդ ենթաստամոքսային գեղձի կոլոիդ կարցինոմայի կառուցվածքի ու միկրոշրջապատի ուսումնասիրման համար» թեմայով, որին ներկա էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ: