Հայաստանյան բանկերի տաղավարներից մինչև պետական կառույցների տաղավարներ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Նարե Պարոնյանն այսօր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ի շրջանակում հասցրել է ծանոթանալ աշխատաշուկայում սպասվող մի շարք առաջարկների և նույնիսկ ապագայի որոշակի պլաններ կազմել:
Usanogh.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Երևանի պետական համալսարանի ծննդյան 104-ամյակի առթիվ Մայր բուհում անցկացվում է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը։
«Ուսանողներով մոտենում էինք տարբեր տաղավարների, և, օրինակ, նախարարությունների ներկայացուցիչները բացատրում էին, թե ուսման, պրակտիկայի ընթացքում համագործակցման ինչ հնարավորություններ ունենք, կամ բուհն ավարտելուց հետո աշխատաշուկայում ինչպես կարող ենք դրսևորվել: Հիշում եմ` երբ փոքր էի, ինձ թվում էր, որ պետական մարմիններում հնարավոր է աշխատանքի անցնել միայն ծանոթի միջոցով: Այս էքսպոն կարծես եկավ ցրելու այդ միֆը»,- Usanogh.am-ի հետ զրույցում ասաց Նարեն:
Նշենք, որ «ԲանՈՒԳործ»-ը տաղավարների ամբողջություն է, որտեղ հայաստանյան լավագույն կազմակերպություններն այցելուներին ներկայացնում են տվյալ կազմակերպության գործունեությունը, առաջարկվող հնարավորություններն ու իրենց կորպորատիվ մշակույթը, իսկ կրթական ծառայություններ մատուցող համալսարանական ստորաբաժանումները՝ իրենց գործունեությունը, ծրագրերը, կրթական և աշխատանքային հնարավորությունները։
«Հատկապես ուշագրավ էր այն, որ էքսպոյին ներկայացված էին նաև ԵՊՀ ֆակուլտետները, որոնք այցելուին, պոտենցիալ դիմորդին ծանոթացնում էին տվյալ ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին, ներկայացնում էին այդ թեմայով տարբեր տարիների հաշվետվություններ: Նկատելի էր, որ դիմորդների, ուսանողների հետաքրքրվածությունը բավական մեծ էր էքսպոյի նկատմամբ»,-նշեց Նարեն:
Այսօր կանցկացվի նաև ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխությունը, ինչին կհաջորդի տոնական համերգը՝ YSU Band-ի և հրավիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։
Հավելենք, որ միջոցառումներին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։