ԳլխավորԼուր

ՀԱԱՀ-ում բացվել է Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն

ՀԱԱՀ-ում բացվել է Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր ներկա է եղել Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները և գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարևոր փափուկ հմտություններ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած և այս տարվա հունիսին ավարտվող նախագծի ամփոփումն էր:

Կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախագծում ՀԱԱՀ գործընկեր համալսարանների (Հունգարիայի գյուղատնտեսական և կենսագիտական համալսարան (MATE), Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, Հարավային Բոհեմիայի համալսարան), Էրազմուս+ ազգային գրասենյակի, շահակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել և ջերմորեն շնորհավորել է ներկաներին «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի» բացման կարևոր իրադարձության կապակցությամբ:

ՀԱԱՀ-ում բացվել է Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն
ՀԱԱՀ-ում բացվել է Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաև մարտահրավերներ` մասնագետների առջև նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով:

«Բեկումնային տեխնոլոգիաները և ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում ու նոր պահանջներ սահմանում ուսհաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների և կարողունակությունների հետ համահունչ՝ մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկա, լեզուներ, հիմնարար գիտություն, վերլուծական մտածողություն, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ներկայում մշակվող բարձրագույն կրթական ծրագրերի համար հիմք է հանդիսանում որակավորումների ազգային շրջանակը, որը մասնագիտական հիմնարար գիտելիքներին զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու, ընդհանրական իմացական հմտություններ և այլն:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է.

«Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն և հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների և ժամանակի կառավարում, թիմային աշխատանք, առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Այս իմաստով նորաստեղծ կենտրոնը գործելու է մեր համալսարանում գործարկվելիք «Ուսանողների հաջողության կենտրոնի» և «Գիտելիքի հաբի» ներքո։ Սրանով մենք հաստատում ենք փափուկ հմտությունների կարևորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ դրանց տիրապետելը», — ասել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների խոսքից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը և հյուրերը բացել են Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը: Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես են եկել Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։