ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տոնական տրամադրություն է. մեկնարկել է «ԲանՈՒԳործ» էքսպոն

«ԲանՈՒԳործ» էքսպոն ԵՊՀ-ում

Այսօր Երևանի պետական համալսարանի ծննդյան 104-ամյակի առթիվ Մայր բուհում անցկացվում է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը։

Էքսպոյի շրջանակում այցելուն մեկ օրվա ընթացքում հնարավորություն կունենա շփվելու ավելի քան 7000 մասնակիցների հետ, հաղորդակցվելու ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատաշուկայում առաջատար դիրք ունեցող բազմաթիվ կազմակերպությունների հետ:

«Նախ` մենք հանձնառություն ենք ստանձնում որպես բուհ դառնալու այն հարթակը, որտեղ բոլոր օղակների ներգրավմամբ կձևավորվի և կամրապնդվի հանրային երկխոսություն,բացի այդ` մենք ուզում ենք վերականգնել այն ավանդույթը, որ համալսարանի հիմնադրման օրը տոնական դառնա ոչ միայն համալսարանականների, այլև ողջ հանրության համար»,-Usanogh.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:

Նրա խոսքով` առաջին անգամ է, որ ԵՊՀ-ի հիմնադրաման օրը նշանավորվում է նման մեծ մասշտաբի միջոցառմամբ:

ԵՊՀ էքսպո

Էքսպոյին մասնակցում է շուրջ 54 կազմակերպություն. «Էքսպոյի շրջանակում այցելուն նախ կարող ծանոթանալ մեր կրթական ծրագրերին, ապա` տեղեկանալ, թե ամեն ծրագիր ինչ հնարավորություններ է տալիս աշխատաշուկայում: Մենք վստահ ենք, որ կրթության որակի բարձրացումը մեծապես կախված է աշխատաշուկայի հետ արդյունավետ համագործակցությունից»,-ասաց Քնար Միսակյանը:

Լայնամասշտաբ միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել կրթական և աշխատանքային հնարավորություններ, ապահովել արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների հետ առկա համագործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

Հավելենք, որ ի թիվ տոնական այլ միջոցառումների՝ այսօր տեղի կունենա նաև ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխությունը, «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։

Օրը կեզրափակվի Ysu band, «Լավ էլի», Nemra խմբերի տոնական համերգով։

«ԲանՈՒԳործ» էքսպոն ԵՊՀ-ում
«ԲանՈՒԳործ» էքսպոն ԵՊՀ-ում
«ԲանՈՒԳործ» էքսպոն ԵՊՀ-ում
«ԲանՈՒԳործ» էքսպոն ԵՊՀ-ում