ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ֆակուլտետային գրասենյակներ են ստեղծվում

Քննարկում ԵՊՀ-ում

ԵՊՀ բարեփոխումների շրջանակում դեռևս անցած տարվանից մեկնարկել են ֆակուլտետային գրասենյակների ստեղծման աշխատանքներ։ Այժմ ընթանում է գործընթացի կարևոր բաղադրիչ փուլը՝ ուսումնաօժանդակ համակազմի վերապատրաստումը, ինչից հետո իրականացվելու է ատեստավորում․ արդյունքում աշխատակիցների աշխատավարձը բարձրացվելու է առնվազն 50 տոկոսով։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Բացի դրանից՝ գործընթացի արդյունքում կատարվելու են գործառույթների բովանդակային փոփոխություններ։ Ըստ էության՝ գրասենյակների ստեղծմամբ մենք միավորելու ենք ֆակուլտետների դեկանատների, ամբիոնների գործավարների գործառույթները՝ ավելացնելով նոր լիազորություններ ու պարտականություններ, որոնք նպաստելու են ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։

Գործառութային հատկանշական փոփոխություններից է լինելու, օրինակ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին թղթաբանության գործընթացից հնարավորինս ազատելը, այդ թվում՝ գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքներից՝ հնարավորություն տալով նրանց խնայելու իրենց ժամանակն ու ռեսուրսները և դրանք ծառայեցնելու մանկավարժական ու հետազոտական գործուենության առավել արդյունավետ կազմակերպմանը։

Մեր նպատակն է կառուցվածքային այս միավորները դարձնել ֆակուլտետային «ուղեղային կենտրոններ», որոնք փորձարկելու և ներդնելու են աշխատանքի կազմակերպման նոր ու արդյունավետ գործիքներ, կատարելու են հետազոտություններ՝ միտված ֆակուլտետի և համալսարանի զարգացմանը»,-նշել է ԵՊՀ ռեկտորը: