ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որը դասընթացի բանախոսն է, խոսել է թեմայի ընտրության պատճառների ու կարևորության մասին. «Վերջերս, պարբերաբար դիտարկելով մեր ստացած CV-ները, որոնք պետք է ուղարկենք գործընկերներին, տարբեր ծրագրերի, կամավորական աշխատանքների, ինթերնշիփերի, հասկացանք, որ մեր ուսանողները ճիշտ ու գրագետ CV կազմել չգիտեն, այդ պատճառով որոշեցինք նշված թեմայով ևս մեկ անգամ հանդիպում կազմակերպել»:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Լիլիթ Հակոբյանը նախ ներկայացավ, խոսեց իր աշխատանքային փորձի մասին, նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ոչ միայն գրագետ ու ճիշտ CV գրելու տեխնիկական հմտություններն ու CV-ում անթույլատրելի սխալները, այլև բովանդակային մասը, արդյունավետ հարցազրույցի հիմնական սկզբունքները, ժեստերի լեզուն, վայելչահագուստը (dresscode). «Հուսով եմ, որ ավելի ակտիվ կլինեք և ապագայում ևս կմասնակցեք մեր կենտրոնի կազմակերպած միջոցառումներին»:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենը տեսապատկերների միջոցով ուսանողներին ներկայացրեց SWOT վերլուծությունը, ինչից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը նշված մեթոդով կատարեց վերլուծություն՝ փորձելով ներկայացնել իր ուժեղ ու թույլ կողմերը, կրթության ստացած հնարավորություններն ու աշխատաշուկայի ռիսկերը:
Բանախոսն ուսանողներին պատմեց հարցազրույցի ընթացքում մի շարք կարևոր նրբությունների՝ ժեստերի, դիմախաղի, հագուստի մասին, որոնք առաջին հայացքից մանրուք են թվում, սակայն իրականում կարևոր դեր ունեն. «Հարցազրույցի արդյունավետության ու հետագայում աշխատանքի ընդունվելու հնարավորության վերաբերյալ հետաքրքիր վիճակագրություն կա, ըստ որի՝ առաջին 10 վայրկյանը ենթագիտակցորեն ազդում է հարցազրույցը վարող մասնագետի վրա, ինչն էլ իր հերթին ազդում է տրվող հարցերի ու մասնակցի նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի վրա»:
Հավելենք, որ երկօրյա դասընթացի շրջանակում քննարկվելու են ներկայանալի ու ավելի մեդիագրագետ լինելու, հայկական աշխատաշուկայի, առկա խնդիրների ու մարտահրավերների, միջազգային փորձի մասին, թե ինչ ռեսուրսներից կարելի է օգտվել աշխատաշուկայի հնարավորություններին ծանոթանալու համար, ինչպես նաև մոտիվացիոն նամակ, ուղեկցող նամակ, ռեզյումե կազմելու վերաբերյալ մանրամասներ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։