ԳլխավորԼուր

ԵՊՀ –ն հյուրընկալել էր Գյումրու «Նոր լույս» ՀԿ-ի սաներին

ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները, տեղեկացնում են ԵՊՀ-ից:

Տեղեկացնենք, որ Գյումրու «Նոր լույս» ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թվականին:

Կազմակերպության նպատակն է նպաստել դեռահաս աղջիկների կրթմանն ու զարգացմանը, օգնել նրանց դառնալ ավելի ինքնավստահ, ճանաչել սեփական իրավունքներն ու պարտականությունները:

«Նոր լույս» ՀԿ-ի խմբային հանդիպման պատասխանատու Ալինա Մարտիրոսյանը նշեց, որ ծրագիրը նախապես նախատեսված է եղել մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, սակայն տարեցտարի ծրագիրն ընդլայնվել է՝ ներգրավելով արդեն դեռահաս աղջիկների:

«Ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլն անձի բացահայտման ծրագիրն է, որը կազմակերպվում է հոգեբանական հայտնի թեստերի միջոցով և մենթորների կողմից, երկրորդ փուլում տարբեր հմտություններ ու ունակություններ ունեցող սաներն արդեն ընտրում են մասնագիտություններ, իսկ դրանց նպաստում են ՀՀ տարբեր բուհեր այցելությունները: Արդեն երրորդ փուլում ուսանող դարձած մեր սաներին տրամադրում ենք կրթաթոշակներ և տարբեր ծրագրերի միջոցով պահպանում նրանց հետ հետադարձ կապը»,- նշեց Ալինա Մարտիրոսյանը:

Սաներին առաջինը հյուրընկալեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Նրանց ողջունեց Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը:

Վերջինս ներկայացրեց ամբիոնի գործառույթները, «Սերվիս» մասնագիտության առավելությունները. «Հասարակությունը ծառայությունների կարիք ունի: Ծառայել գործընթացն ունի չորս բաղադրիչ. պատրաստակամություն, շփում, ուղղորդում կամ կոորդինացում և ընկալում: «Սերվիս» մասնագիտության նպատակը վերոնշյալները սերմանելն է, մարդկանց զարգացնելը և մարդային հարաբերությունները կանոնակարգելը»:

Մասնագիտության ընտրության հարցում Սեյրան Սուվարյանը խորհուրդ տվեց այն ընտրել ոչ թե «զոհ գնալով» առկա կարծրատիպերին կամ մոդայիկ լինելու մոլուցքին, այլ հետևել շուկայի պահանջներին:

«Նոր լույս» ՀԿ-ի սաները եղան նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ ծանոթացան ֆակուլտետի պատմությանը և գործառույթներին:

Նրանց դիմավորեցին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը և Հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը:

Սաներին առանձնապես հետաքրքրեց Հանրային կառավարում ամբիոնի գործառույթները, կրթական ծրագրերը, որոնց էլ մանրամասն անդրադարձավ ամբիոնի վարիչը:

Նշենք, որ «Նոր լույս» ՀԿ-ի սաները շրջայց կատարեցին ԵՊՀ սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի ֆակուլտետներում և ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:

Շրջայցի ավարտին «Նոր լույս» ՀԿ սաներից Աիդա Մարտիրոսյանը նշեց, որ ԵՊՀ այցելությունը, նախընտրելի ֆակուլտետներում շրջայցը և ծանոթությունը լավագույն օգնությունն էր ապագա դիմորդների համար:

Comment here