ԳլխավորԼուր

Մեծ էներգատարողությամբ մարտկոցներ. գիտթեմա՝ ԵՊՀ-ում

Հայկ Զաքարյան

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի՝ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիայի կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում ուսումնասիրվում է «Պինդ մարմնային էլէկտրոլիտների հաշվարկային որոնում» գիտական թեման։ Կենտրոնի համար այն նոր ուղղություն է, սակայն խիստ արդիական թեմա է ամբողջ գիտական աշխարհում: Թեմայի վերաբերյալ Ysu.am-ը զրուցել է աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն. Հայկ Զաքարյանի հետ:

Ժամանակակից տեխնոլոգիաներին, այդ թվում՝ ավտոմեքենաշինությանը և բջջային տեխնոլոգիաներին անհրաժեշտ են մեծ էներգատարողությամբ մարտկոցներ, որոնք ավելի երկար են աշխատում և արագ են լիցքավորվում: Սակայն ըստ ծրագրի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն. Հայկ Զաքարյանի՝ ժամանակակից մարտկոցները չեն բավարարում արագ զարգացող տեխնոլոգիաների անընդհատ մեծացող պահանջները։

Գիտական ծրագրի ղեկավարի համոզմամբ՝ հեղուկ էլեկտրոլիտների փոխարինումը պինդ մարմնային էլեկտրոլիտներով մարտկոցների հատկությունները կատարելագործող եղանակներից է:

Չնայած հայտնի են տարբեր միացություններ, սուլֆիդների, օքսիդների և պերովսկիդների դասեր, որոնք հեղուկ էլեկտրոլիտների հետ համեմատվելու բավարար հատկություններ ունեն, այնուամենայնիվ տեխնոլոգիական տարբեր պատճառներով դրանցից և ոչ մեկը դեռ կիրառություն չի ստացել։

Հաշվի առնելով այս խնդիրը՝ Հ. Զաքարյանը նշում է. «Մեր խմբի նպատակը հաշվարկային եղանակներով պինդ մարմնային այնպիսի էլեկտրոլիտի հայտնաբերումն է, որը կբավարարի բոլոր պահանջները. կլինի կայուն կատոդի և անոդի հետ հպման վայրում, կունենա իոնային բարձր և էլեկտրոնային ցածր հաղորդականություն: Հետազոտությունների առաջին փուլում մենք բացահայտել ենք կայուն նոր նյութ, սակայն դեռ պետք է հաշվարկենք նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները»։

Խոսելով գիտական թեմայի ուսումնասիրության գործում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին՝ խմբի ղեկավարը հայտնել է.

«ԵՊՀ-ն մեծ ներդրում ունի այս հետազոտության իրականացման գործում: Համալսարանի հավելյալ աջակցության շնորհիվ առաջին հերթին ձեռք են բերվել հաշվարկային ռեսուրսներ, որոնք արագացնում են մեր հաշվարկները։ Բացի դրանից՝ ԵՊՀ-ն ապահովում է գիտական այն մթնոլորտը, որում շատ հաճելի և արդյունավետ է դառնում գիտությամբ զբաղվելը»։

Գիտահետազոտական խմբի անդամները վեցն են՝ մագիստրատուրայի մեկ ուսանող, երեք ասպիրանտ, գիտությունների մեկ թեկնածու և մեկ դոկտոր։ Բոլոր անդամները ներգրավված են դրամաշնորհային տարբեր ծրագրերում, որոնցից կարելի է ընդգծել ՀՀ գիտության կոմիտեի «Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ»-ով ստացած դրամաշնորհը, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «PMI Science»-ի դրամաշնորհները: