ԳլխավորԼուր

Ինչու Տարոն Մանուկյանին թույլ չի տրվել քննություն հանձնել. ԵՊՀ-ի պարզաբանումը

Տարոն Մանուկյան

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտությունղ կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալ հնարավոր չէ, քանի որ Երեւանի պետական համալսարանում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձեւաչափով։

Այս մասին Usanogh.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵՊՀ-ից։

Ստացված գրության մեջ նշվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշման՝ «Արեւելագիտություն» մասնագիտությունը ներառված է հեռակա, ինչպես նաեւ հեռավար (դիստանցիոն) ձեւերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսանողը քննաշրջանի ընթացքում չհանձնած քննությունները հնարավորություն ունի հանձնելու ակադեմիական պարտքերի մարման շրջանում (1-ին շրջանը նախատեսվում է անցկացնել 2022 թ. օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում, երկրորդ շրջանը՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ից մինչեւ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում»,-հայտնել են ԵՊՀ-ից։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ իր որդուն՝ ժամանակավորապես անազատության մեջ գտնվող ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին, ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հեռավար հանձնել:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը կալանավորվել է «գյումրեցի պապիկների» գործով, նա ու Գոռ Սարգսյանը մնում են կալանքի տակ։ Միջադեպի մյուս 3 մասնակիցներն ազատ են արձակվել հուլիսի 29-ին։