ԳլխավորԼուր

Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունումհայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, իսկ երիտասարդների պայքարում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանել են Գոռ Խաչատրյանը, Ռաֆայել Մնացականյանն ու Գոհար Հարությունյանը:

Հրաձիգներն աշխարհի առաջնությունում մրցել են երկուական վարժությունում՝ 10 մ, նորմալ վազք և խառը վազք:

Մեծահասակների պայքարում մեդալներ են նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մկրտչյանը 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում խոցելով 555 միավոր՝ 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ արդեն 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քաթարի ներկայացուցչի հետ պայքարում և դարձել է բրոնզե մեդալակիր: Արուսյակ Գրիգորյանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ նա նվաճել է բրոնզե մեդալը: Ի դեպ, այս վարժությունում նրան ընդամենը մեկ միավորով է զիջել Լիլիթ Մկրտչյանը՝ վերջնարդյունքում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Երիտասարդների պայքարում էլ չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Խաչատրյանը: Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել է ոսկե մեդալ:

Երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է Գոհար Հարությունյանը: 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում Հարությունյանը խոցել է 553 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ, որտեղ 6:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ: