ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ, հայտնում են Մայր բուհից:
Գեղարվեստական բարձր որակներով գրված վեպն առաջին անգամ տպագրվել է 1966 թվականին։ Այն արտացոլում է Զեյթունի (Ուլնիա)՝ 1919-21 թթ. գոյամարտը, ընդգծում սեփական ուժ ունենալու և այդ ուժին ապավինելու անհրաժեշտությունը:
Շնորհանդեսին ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա կարևորեց գրքի դերն ու գեղարվեստական արժեքը՝ ընդգծելով, որ այս շնորհանդեսը մի քայլ է ավելի լավ ճանաչելու Ստեփան Ալաջաջյանին և գնահատելու նրա գործունեությունը։
Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին արդեն երկրորդ անգամ է հանդիպում կազմակերպվում՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցելու տաղանդավոր գրող Ստեփան Ալաջաջյանի հիշատակին:
Խոսելով գրքում ներառված փաստահենք տվյալներից՝ Ստեփան Ալաջաջյանի դուստր Թերեզա Ալաջաջյանն ընդգծեց, որ «Եղեգները չխոնարհվեցին» գրքում ներկայացված է իր պապի՝ Եղիայի պատմությունը, որն իր ջոկատով կռիվ էր տվել։ Վեպի մեջ կա նաև իր տատի՝ Թերեզայի կերպարը։
«Սա ամբողջապես իրական հիմքերի վրա գրված ստեղծագործություն է՝ հորս ընտանիքի պատմությունը»,- ասաց Թ․ Ալաջաջյանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հրավիրյալներ։