ԳլխավորԼուր

Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն

Դատական նիստ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Այսօր հերթական դատական նիստն էր, որի ժամանակ քննարկվում էր Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը` նրանք ազատ կարձակվեն գրավի դիմաց։ Յուրաքանչյուրի համար 3-ական միլիոն դրամ գրավ է սահմանվել»,–ասաց Պողոսյանը։

Հավելենք, որ քննությունները չհանձնելու պատճառաբանությամբ Տարոն Մանուկյանը մեկ օր առաջ հեռացվել է ԵՊՀ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։

Հավելենք, որ նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: