ԳլխավորԼուրԿրթություն

Սիրակուզայի համալսարանի ուսանողները դատի են տվել կրթօջախին եւ փոխհատուցում են պահանջում

Սիրակուզայի համալսարանի (ԱՄՆ, Նյու Յորքի նահանգ) ուսանող Ջոնաթան Յինը դատի է տվել կրթօջախին։ Նա փոխհատուցում է պահանջում գարնանային ուսումնական շրջանի համար, քանի որ անհատական պարապմունքները չեղարկվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է syracuse.com-ը։

Հյուսիսային շրջանային դատարան ներկայացված խմբակային հայցում նշվում է, որ Յինը եւ համալսարանի այլ ուսանողներ չեն օգտվել կրթական այն ծառայություններից, որոնց համար վճարել են։

Հայցվորները պահանջում են գոնե մասնակի փոխհատուցում կամ ուսումնական վարձերի կրճատում։

Նշվում է նաեւ, որ հեռավար կրթության առաջարկված տարբերակները ցածրակարգ են՝ ուսումնական նյութերի բացակայության եւ դասավանդող անձնակազմի ոչ բավարար հասանելիության պատճառով։

Իր հերթին Սիրակուզային համալսարանի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ իրենք ամեն ինչ անում են COVID-19-ի ֆինանսական հետեւանքները մեղմելու համար. ուսանողներին տրամադրվել են նոթբուքեր եւ ինտերնետ կապ, սենյակներ եւ սնունդ հանրակացարաններում նրանց, ովքեր չեն կարողացել մեկնել տուն, իսկ մեկնողներին տրամադրվել է տրանսպորտ, պահպանվել է ամբողջ դասացուցակը։

Հայցում նշվում է նաեւ, որ միայն գանանային շրջանի համար Յինը վճարել է 24390 դոլար, իսկ հեռավար ուսուցման անցնելուց հետո խմբի կրած ընդհանուր վնասը հաշվարկվել է ավելի քան 5 մլն դոլար։

Համալսարանի տարածած հայտարարությունում էլ նշվում է, որ կրթօջախը 35 մլն դոլարի վնաս է կրել՝ ակնկալվող եկամուտը չստանալու եւ չնախատեսված ծախսերի պատճառով, հետեւաբար չեն կարող վերանայել ուսման վարձի չափերը։ Ֆինանսական դժվարությունները մեղմելու համար ամենաբարձր աշխատավարձ ստացող աշխատակիցները կամավոր հրաժարվել են աշխատավարձի մի մասից, հետաձգվել  է ուսուցիչների եւ մյուս աշխատակիցների վճարումը, սահմանափակվել է նոր աշխատակիցների ընդունումը, հետաձգվել են նոր կառույցների շինարարական աշխատանքները։

Սիրակուզայից բացի, եւս 25 քոլեջների հիասթափված ուսանողներ են կոլեկտիվ հայցեր ներկայացրել փոխհատուցման պահանջով։

 

Comment here