ԳլխավորԼուր

3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին հեռացրել են ԵՊՀ-ից

Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

«Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով:

Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը:

Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին:

Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ՝ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Usanogh.am-ը ստացել էր ԵՊՀ-ի պարզաբանումը, որտեղ նշված էր.

«ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտությունղ կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալ հնարավոր չէ, քանի որ Երեւանի պետական համալսարանում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձեւաչափով»։

Հավելենք, որ Տարոն Մանուկյանը կալանավորվել է «գյումրեցի պապիկների» գործով, նա ու Գոռ Սարգսյանը մնում են կալանքի տակ։ Միջադեպի մյուս 3 մասնակիցներն ազատ են արձակվել հուլիսի 29-ին։

Տարոն Մանուկյանը ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի որդին է։