«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի և առցանց բաց քվեարկության միջոցով։ Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում, որին մասնակցել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։
Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։