ԳլխավորԼուր

Իրանի «Azad» համալսարանում հայոց լեզվի և գրականության բաժին է բացվել, Թուրքիան դժգոհ է

Իրանի «Azad» իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս լուրը թուրքական մամուլում հասցրել է դժգոհության տեղիք տալ։ Այն մեկնաբանվել է այսպես՝ Իրանը հարավում ապրող ադրբեջանցիներին և քաշքայ թուրքերին չի թույլատրում սեփական լեզվով կրթություն ստանալ, մինչդեռ «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց` Թուրքիայի նման արձագանքը երեսպաշտության դրսևորում է.

«Այդ նույն Թուրքիայում, հատկապես պատմական Հայաստանի տարածքում` Իգդիրում, ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, բայց Թուրքիայում ադրբեջաներեն չի դասավանդվում»,-նկատեց նա:

Իրանագետի խոսքով` իրանական համալսարաններից ավանդաբար հայերեն է դասավանդվում Սպահանի պետական համալսարանում, «Azad» իսլամական համալսարանում, ինչպես նաև կա նախնական համաձայնություն Երևանի պետական և Թավրիզի պետական համալսարանների միջև, որպեսզի Թավրիզի համալսարանում սկսի գործել հայագիտական հետազոտությունների կենտրոն:

«Մենք չպետք է ուշադրություն դարձնենք Թուրքիայի կողմից նմանատիպ արձագանքներին, որոնք ոչ միայն իրականության հետ աղերս չունեն, այլև հստակ քարոզչական ուղերձ են պարունակում, ըստ իրենց` իբր ճնշում են գործադրում Իրանում համալսարանական շրջանակների վրա, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն այս տիրույթում չխորանան: Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների թե´ քաղաքական, թե´ տնտեսական բաղադրիչն ապահովելու համար շատ կարևոր նշանակություն ունի մշակութային, կրթական, բուհական համակարգն ընդհանրապես, այդ է պատճառը, որ Թուրքիայում այսպես անհանգստացած են»,-մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է մեթոդական հստակ հիմքի վրա առաջ մղի հայ-իրանական հազարամյակների բարեկամությունն ամրապնդող համագործակցությունը նաև կրթական ոլորտում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ