ԳլխավորԽճանկար

Տպավորություն է, թե ուրիշ երկրում եմ ապրում, մարդիկ չարացած են. Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

«Երբ մարդ ուզում է որևէ խնդիր լուծել, բայց մատների ուժը քիչ է, նա պետք է մատները միացնի իրար, դարձնի բռունցք ու խփի. այդ բռունցքը մեզ մոտ չի ձևավորվում»,-Usanogh.am-ի հետ զրույցում նշում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը` խոսելով Արցախի կորստի մասին:

Նրա համոզմամբ` մենք բուրժուազիայի ձևավորման փուլում ենք, և ամեն մարդ իր ճանապարհով է գնում, մինչդեռ մեզ հարկավոր է մոռանալ`ինչ է նշանակում այս պահին սեփական շահի ճանապարհով գնալը.

«Հավատացե´ք, կան ճանապարհներ, պարզապես մենք պետք է ուզենանք միասին գնալ նույն ճանապարհով»:

Կոմպոզիտորը հիշում է 1988-ը, Համազգային շարժումը, նշում է` երբ ըմբոստություն սկսվեց, ինքը   արցախցի երեխաների համերգ կազմակերպեց, երեկոն  էլ կոչեց «Այստեղ Հայաստանն է».

«Հետո երեխեքին բերեցի, Երևանի բեմի վրա համերգ արեցինք, այնպիսի՜ մեծ ոգևորություն էինք ապրում։ Իսկ հիմա ինձ մոտ տպավորություն է, թե ուրիշ երկրում եմ ապրում, ցավոք սրտի։ Մարդիկ չարացած են, իրար մերժելով են ապրում: Մենք չենք կարողանում գիտակցել մեր սխալը, չարիքը: Մենք նյութապաշտ ենք դարձել, բիզնես-մտածելակերպն է հաղթում, ամեն մարդ մտածում է` միայն ինքը լավ լինի, բայց չի մտածում, որ շուտով կարող ենք կանգնել յաթաղանի առջև… Կուլ են տալու մեզ, աշխարհն էլ խաղեր է տալիս, ամեն երկիր իր շահով է ապրում, իսկ մենք մեր` ազգային շահը չգիտակցեցինք»:

Ռոբերտ Ամիրխանյանը շեշտում է` մենք պետք է միասնական գաղափար առաջ քաշենք:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմություն կոչեցյալը հայրենիք չունի: Նա չի զգում, որ հայրենիքը տառապյալ վիճակի մեջ է, որ այսօր կորցնում ենք մեր երկիրն ու պետականությունը: Ես մի անգամ գոնե չլսեցի, որ խորհրդարանի ընդդիմադիրներն Ալիևի մասին մի բան ասեն…»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, կոմպոզիտորն ընդգծում է, որ այն իր համար բազմաթիվ խնդիրներ է  ստեղծել. «Ես այս իշխանության պատճառով «կորցրել եմ» Մշակույթի նախարարությունը, Կոնսերվատորիան, 40 տարի առաջ Ակսել Բակունցի հետ  իմ ստեղծած քոլեջը. դա փակվեց: Այդքանից հետո ես չեմ ուզում չարությամբ նայել այս իշխանությանը, պատրաստ եմ կանգնել իրենց կողքին, որ այս հիմնական արհավիրքը կարողանանք հաղթահարել, դրանից հետո  կգանք-կասենք. «Այ, դու այսպես», «Այ, դու այնպես», և  կկանգնեցնենք դատարանի առջև»:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Ռոբերտ Ամիրխանյանը նշում է, որ Մոսկվան  ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունն ու բոլորիս դարձնել «նույն ստրուկը».

«Ես ուզում էի իմ ռուսերեն երգերը հանել փողոց ու այրել` ի նշան ռուսական անտարբերության, հետո հասկացա, որ դրա մեջ արդյունավետ բան չկա»:

Կոմպոզիտորը նշեց, որ մեծ ցանկություն ունի առաջիկայում համախմբման համերգ կազմակերպել  և հուսով է, որ դա իրեն կհաջողվի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ