ԳլխավորԼուր

Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում

Ականանետի կրակոցից վնասված շինություն Արցախի Փառուխ գյուղում

Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի դատախազությունը, նշելով, որ այս դեպքն արձանագրվել է ապացույցների հավաքագրման ընթացքում։

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հաղորդվել էր` վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: