ԳլխավորԼուր

Երևանում լրագրողները որոշել են ԶԼՄ-ների շախմատի չեմպիոնին

Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները մարտի 12-ին ուժերը չափել են շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-րդ անգամ անցկացվող մրցաշարում արդեն 6-րդ անգամ հաղթեց «Գոլոս Արմենիի» թերթի ներկայացուցիչ Վադիմ Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեց Նորայր Շողիկյանը՝ «Առաջին ալիք»-ից, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը:

Գավաթները, մեդալներն ու գումարային մրցանակները 1-3-րդ տեղը գրաված մասնակիցներին փոխանցեցին արցախցի առաջին միջազգային կարգի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալներ Նորայր Քալանթարյանը և Արայիկ Մանուկյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարն անցավ արագ շախմատի մրցակարգով, որը բաղկացած էր 7 փուլից՝ ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվել է 10 րոպե, ինչպես նաև  5 լրացուցիչ վայրկյան ամեն քայլի համար: Մրցաշարին մասնակցել են ԶԼՄ-ների 14 ներկայացուցիչ:

Մրցանակներ տրվեցին 4 այլ անվանակարգերում ևս: 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը  «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակից Դավիթ Գալստյանն է, ամենագեղեցիկ խաղի համար մրցանակ ստացավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Կարինե Տերտերյանը, ամենաարագ հաղթանակը տոնեց Livenews.am-ի թղթակից Գևորգ Խաչատուրյանը և ամենատարեց մասնակիցն էր «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը։

Կարինե Տերտերյան«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև, որը դարձել է արդեն ավանդական, նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին այս մրցումներին աջակցելու համար», — նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարը տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երևանի շախմատի ֆեդերացիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

2019 թվականին հաղթող է ճանաչվել «Ֆուտբոլ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իսկ մնացած 6 մրցումներում՝ 2015, 2016, 2017, 2018, 2021 ու 2022 թվականներին՝ Վադիմ Մկրտչյանը: