ԳլխավորԼուր

Ադրբեջանական դիրքից կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ

Փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։

Տեղեկությունը հայտնում են Արցախի դատախազությունից։

Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։

Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիրքերից կրակահերթեր էին արձակվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիտարկվող տների ուղղությամբ նաև փետրվարի 11-ին։