ԳլխավորԽճանկար

«Հորդանան գալու առաջին իսկ օրից որևէ խնդրի չեմ բախվել». Անժելա Իսմայիլյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն են ունենում փոխանակման ծրագրով կրթություն ստանալու արաբական մի շարք երկրներում: Անժելա Իսմայիլյանը մեկ ուսումնական տարի կրթություն է ստանալու Հորդանանի համալսարանի լեզվի կենտրոնում, հայտնում են ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։

Ysu.am-ի զրուցակիցը նախքան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ ընդունվելը ծանոթ է եղել համալսարանի ընձեռած հնարավորություններին, լսել, որ ստանալով համակողմանի գիտելիքներ՝ հնարավորություն ունի ուսումը շարունակելու արտերկրում: Անժելան վստահեցնում է, որ իր առաջնային նպատակներից է համալսարանի և առհասարակ երկրի զարգացմանն ուղղված քայլեր կատարելը:

«Ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»,- ում է նա և հավելում. «Հորդանանի մասին բազմիցս լսել էի դասախոսությունների ժամանակ»:

«Երազել կարող ենք անվերջ, բայց դուրս գալ հարմարավետության գոտուց և երազանքը կյանքի կոչելուն ուղղված քայլեր կատարել՝ ոչ միշտ: Այսօր, երբ արդեն իմ առջև դրված նպատակի իրականացման ճանապարհին եմ, կարող եմ ասել, որ անհնարին ոչինչ չկա»,- վստահեցնում է Անժելան՝ հանգամանորեն ներկայացնելով ֆակուլտետի ընձեռած հնարավորությունները և նրանց, ովքեր նպաստում են հասնելու սահմանած նպատակներին:

Հարցին՝ եթե ոչ արաբագետի, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեր, պատասխանում է. «Երևանի պետական համալսարան ընդունվել եմ Արևելքը բացահայտելու մեծ ձգտումով: Վստահ էի, որ հենց այստեղ սովորելու շնորհիվ հետագայում դառնալու եմ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետ: Գալով Հորդանան՝ համոզվեցի, որ ճիշտ տեսակետ եմ ունեցել»:

Անժելայի հետ զրույցի ընթացքում միանգամից հարց է առաջանում՝ դժվար չէ՞ հաղորդակցվել լեզվակիրների հետ, և պատասխանը լինում է բացասական:

«Արաբագիտության ֆակուլտետի բանիմաց դասախոսներից ստացած գիտելիքների շնորհիվ Հորդանան գալու առաջին իսկ օրվանից ինձ ինքնավստահ եմ զգացել»,- պատասխանում է նա:

Անժելայի խոսքով՝ հայերը և արաբներն ունեն բնավորության որոշ գծերի նմանություններ, ու դա նույնպես նպաստում է նրանց հետ հեշտությամբ հաղորդակցվելուն: Նա կարևորում է այն, որ փոխանակման ծրագիրը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում:

«Գալով Հորդանան՝ բախվեցի նոր իրականության (նոր կրոն, նոր մշակույթ, նոր հասարակություն) և սկսեցի մասնագիտական աչքերով նայել ու ընկալել այն, ինչի մասին միայն լսել էի հարազատ ֆակուլտետում: Այստեղ սովորելու ընթացքում բացահայտում եմ իմ մասնագիտական թաքնված «ես»-ը»:

Խոսելով Հորդանանում կրթական գերհագեցած օրերից՝ Անժելան պատմում է, որ դասապրոցեսին գրեթե միշտ կազմակերպվում են խաղեր, որոնք նպաստում են բառապաշարի հարստացմանը, ինչպես նաև լսարանային ստեղծված միջավայրում կատարվում են արաբերենի՝ լսողական հմտությունների զարգացմանն ուղղված վարժանքներ:

Չնայած նրան, որ Անժելան մեծ ոգևորությամբ է պատմում Հորդանանում անցկացվող օրերի մասին, այնուամենայնիվ, ինչպես ինքն է նշում, գլխավոր նպատակը մնում է արտերկրում ստացած կրթությամբ գիտելիքները զարգացնելը և Հայաստան վերադառնալով՝ սովորածը կիրառելը՝ ի բարօրություն մեր երկրի և համալսարանի։