ՄԱԿ–ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգված է Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ: Այս մասին ասված է կոմիտեի փորձագետների հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
«Կոմիտեն լրջորեն մտահոգված է դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ, որը հատկապես ընդգծված է ավագ դպրոցում։ Կոմիտեին նաև մտահոգում է ուսման արդյունքների նվազումը, օրինակ` կարդալու նվազագույն հմտությունների բացակայությունը»,– ասված է հայտարարության մեջ:
Կոմիտեն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել, որ բոլոր երեխաները, անկախ սեռից, ստանան տարրական և միջնակարգ որակյալ կրթություն, որը կհանգեցնի արդյունավետ և ծանրակշիռ արդյունքների: