ԳլխավորԼուր

Լոռու մարզի դիմորդներից բուհ է ընդունվել 75.5 տոկոսը

Օգոստոսի 26-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժաներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը: Նա մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում: Նա իր խոսքում անդրադարձավ նաև համավարակով պայմանավորված՝ սահմանված կանոնների, կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը և պատվաստումների խիստ կարևորությանը:
Իր օրհնությունը ներկաներին, կրթության նվիրյալներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ՝ համավարակով, ապա՝ պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար:

-Այս տարին ևս մեզ համար բարդ է լինելու, կրկին մեր աշխատանքները կազակերպելու ենք համավարակի պայմաններում: Այնպես որ մեզնից՝ բոլորիցս, մեծ ջանքեր է պահանջվելու դասապրոցեսի անընդհատությունը ապահովելու համար,-ասաց Ժ. Անդրեասյանը:

Փոխնախարարը խոսեց բուհերի ընդունելության քննությունների մարզային արդյունքների մասին:

Նա ուրախությամբ հայտնեց, որ մարզի 1047 դիմորդներից բուհ են ընդունվել են 790-ը (75.5 տոկոս), ընդ որում ընդունվածների 17.8 տոկոսն ընդունվել է առաջին անվճար հայտով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է.

-Սա նաև ձեր աշխատանքի արդյունքն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ մարզի դիմորդների համար առաջատար բուհը ԵՊՀ-ն է, ապա ՎՊՀ-ն և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը:

Ըստ նախարարության ուսումնասիրությունների, մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` անգլերեն լեզու և գրականություն, բժշկական գործ, հոգեբանություն, ծրագրավորում, կառավարում, իրավագիտություն, սոցիալական մանկավարժություն մասնագիտությունները:
Նա որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ համարեց. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա և բնագիտական առարկաներից՝ ավելացնելով, որ քննական արդյունքները պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք հստակ մատնացույց են անում հանրակրթության բովանդակային բացերը:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` փոխնախարարը նշեց, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների մասով. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ, նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն իր խոսքում պարզաբանեց, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշեց, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են ուսումնական պլանի մշակման սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունները և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողությունները, Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր, տեսչական ստուգումների ընթացքում ի հայտ եկող արդյունքները և այլն:

Խորհրդակցությանը ներկա Լոռու մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին և մյուս ներկաներին ուղղեցին տարաբնույթ հարցեր դրույքաչափերի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ և այլն:

Comment here