ԳլխավորԼուր

Հյուսիսային համալսարանում դասերը կսկսվեն լսարանային պայմաններում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ռեկտոր Մհեր Մակիչյանը բեղմնավոր աշխատանքային տարի մաղթեց ներկաներին:

Նիստի ընթացքում ուսվարչության պետն անդրադարձավ բուհի 2021-2022 ուստարվա ընդունելությանը՝ այն գնահատելով բավարար: Նա նշեց, որ հատկապես մեծ խմբեր են ձևավորվել հեռակա ուսուցման համակարգում, և քանի որ ընդունելությունը դեռևս շարունակվում է, առաջիկայում սպասվում է դիմորդների նոր հոսք:

Ավագ դպրոցի տնօրեն և միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավարի խոսքերով՝ իրենց համակարգում ընդունելության ընդհանուր պատկերը նույնպես գոհացուցիչ է: Բժշկական քոլեջի երկու մասնագիտությունների գծով՝ ատամնատեխնիկական գործ և քույրական գործ, ձևավորվել են խմբեր, ավագ դպրոցում ընդունելությունը դեռ շարունակվում է: Նույնն է պատկերը նաև Ալավերդու Թումանյան բաժանմունքում:

Ռեկտոր Մ. Մակիչյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ բուհում կատարվել են նորոգման, վերակահավորման որոշ աշխատանքներ, որոնք կունենան շարունակական բնույթ: Նա հավելեց, որ համալսարանն ամբողջությամբ պատրաստ է ընդունելու ուսանողներին՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Դասերը կանցկացվեն  լսարանային պայմաններում։

Comment here