ԳլխավորԼուր

Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կսկսվի ուսումնական տարին

Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը, հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։

Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։