ԳլխավորԽճանկար

Ովքե՞ր են զրկում հայ մանուկներին մեքենայական սարքերի հետ մայրենիով հաղորդակցվելուց. Արտակ Հովսեփյանի գրառումը

«Թումո» ստուդիա

Ազգային արագացման հանրային նախաձեռնության նախագահ Արտակ Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սկսվում է նոր ուսումնական տարին։

Այս տարի ևս Արմաթը, Թումոն և մյուս տեխնոլոգիական խմբակները մնացին առանց ձայնային տեխնոլոգիաների։ Կարճ ասած, երեխաները չեն կարող մայրենի լեզվով կառավարել մեքենայական սարքերը և ստանալ արձագանք բնական ձայնով։

Չի լինելու նաև այս սրընթաց տեխնոլոգիական դարում իրական արհեստական բանականություն դասընթացներում։

Ովքե՞ր են զրկում հայ մանուկներին մայրենիով հաղորդակցվելու մեքենայական սարքերի հետ, որը էապես կմեծացներ նրանց ինքնավստահությունն ինքնուրույն կառավարելու ներկայի և ապագային ռոբոտներին։ Չէ որ ապավինվելով մայրենի լեզվին՝ նրանք կհասկանային, որ հենվելով իրենց լեզվամտածողության վրա, շատ բաների կարող են ինքնուրույնաբար հասնել, և ստեղծագործական անսահման հնարավորություններ կբացվեր նրան առջև։

Ես մինչև անցած ամիս մտածում էի, որ գործ ունենք, կոպիտ ասած, խմբավարների տգիտության ու չիմացության հետ։ Սակայն իմ անմիջական հանդիպումները բացահայտեցին, որ առկա է այլ բնույթի արգելք՝ ցավոք, լիովին գիտակցված՝ դասընթացները ղեկավարող ուժի կողմից։

Այս ոլորտում իշխում է համատարած «հակոբարշակյանական» ֆենոմենը։ Մեծ աղմուկ֊աղաղակով և պիառով ընթանում է Արևմուտքի համար երկրորդական կադրերի՝ կոպիտ ասած՝ փոդրաչիների պատրաստման գործընթացը։ Սա է Հայաստանի տեխնոլոգիապես զարգացման գերնպատակը։ Այլ բան չի հետաքրքում դասավանդողներին։ Դրա համար էլ վտանգ են տեսնում հայաստանակենտրոն նախագծերի մեջ։

Աշխարհն այնքան բարդ չէ, ինչքան ներկայացնում են. Արտակ Հովսեփյան

Մեծ ցավն այն է, որ Կարեն Վարդանյանի այս հայաստանակենտրոն հոյակապ գաղափարը նրա մահից հետո շեղվել է իր ընթացքից նախկին գործընկերների ջանքերով։ Այսօր այդ գործընկերների 50 հազարանոց բանակը ծպտուն անգամ չի հանում պիղծ ռեժիմի և նրա պարագլխի դեմ։ Դուք սովոր եք ամեն ինչում մեղադրել հանրային նստվածքին, ձեր խոսքերով՝ «ժեխին», բայց պիղծ ռեժիմն ամուր հենարան ունի հանձինս ՏՏ և ինժեներական համայնքի։

Հարգելի ծնողներ, մի շտապեք հպարտանալ ու փքվել, եթե ձեր երեխան ընտել է տեխնոլոգիական ոլորտը։ Ուղղակի հարցրեք ձեր ժառանգին, թե նա ինչ է անում կոնկրետ Հայաստանի համար և կտեսնեք, որ ՈՉԻՆՉ։

Ստեղծված համակարգում անհնար է ինչ֊որ բան անել սեփական հայրենիքի համար։ Նախ պիղծ ու ապազգային համակարգը պահանջ չունի, և հետո չկա ընթացակարգ այդ գործով զբաղվելու։ Չե՞ք հավատում։ Փորձեք ստեղծել տեխնոլոգիական ընկերություն և դիմել համապատասխան նախարարությանը հարկային արտոնություններ ստանալու նպատակով։ Բոլոր տեսակ արտոնությունները նախատեսված են դրսին ծառայություններ մատուցելու համար։ Ձեզ ուղղակի կծաղրեն, որ այդ հարցով դիմել եք նախարարություն։

Այսպիսին է վիճակը կրթության այլ ոլորտներում նույնպես։ Հարյուրավոր արտաքին գործակալական ՀԿ֊ներ ներդրվել են մարզային ամենահեռավոր քաղաքներ ու գյուղեր, որպեսզի Արևմուքին սպասարկող լաքեյներ աճեցնեն այլ արժեքներով ու սկզբունքներով։

Մի ամբողջ գործակալական ցանց է աշխատում մոլագարորեն հայկական բուն շահերի դեմ գլոբալիստական՝ «ինտեգրալիստական» նպատակներով։ Իսկ դժբախտությունն այն է, որ նրանք ծառայում են այն ուժերին, որոնք մտադիր են զոհաբերել Արցախը և հետո Հայաստանը «մեծ թուրանական» ու հակառուսական նպատակներով։

Նայեք Ռուսաստանին, Հնդկաստանին ու Չինաստանին, որոնք ժամանակին ծառայում էին տեխնոլոգիական գլոբալիզացմանը։ Նրանք այսօր ամբողջապես մոբիլիզացված են տեխնոլոգիական սեփական ու ինքնաբավ համակարգ ստեղծելու նպատակին։ Էլ չեմ խոսում Իրանի մասին։

Եւ այս ամենը կատարվում է մեր երկրի ամենաճակատագրական հատվածում, երբ միանշանակ պարզ է, որ նոր՝ արդի տեխնոլոգիական լուծումներն են դուրս բերելու ճգնաժամային անդունդից։

Միայն փոքր ու խենթ խմբերն են զբաղվում տեխնոլոգիական վերազինմամբ ու արդիականացմամբ։ Սա է այսօրվա Հայաստանի ռեալ պատկերը»,-գրել է Արտակ Հովսեփյանը։