ԳլխավորԼուր

«Թումո»-ում տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

Ներկայացվել են կրթության զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի նախագիծը, նշել է, որ դրա կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:

«Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես 1-ին մեգանպատակը` կիրթ և կարողունակ քաղաքացի ունենալը: Ծրագրով սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքները և թիրախները, ինչպես նաև ծրագրային ուղղությունները և ակնկալվող վերջնարդյունքները»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ծրագրի ռազմավարական ուղղություններն են՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ծրագրի առավելությունները նախորդ՝ 2011-2015 թվականների պետական ծրագրի համեմատ: Մասնավորապես, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ծրագիրը ներառում է հստակ արդյունքային շրջանակ և քայլերի հաջորդականություն, ավելի գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելի դարձնելու ուղղությամբ, ծրագիրն ապահովող միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ֆինանսավորման աղբյուրների բազմատեսականացում, ինչպես նաև հավակնոտ և առաջանցիկ նպատակադրումներ:

Բոլոր երեխաները կունենան հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության և զարգացման որակյալ ծառայություններին

Հանրակրթության ոլորտի ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները ներկայացրել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել, որ բոլոր երեխաներն ունենան հավասար հասանելիություն նախադպրոցական կրթության և զարգացման որակյալ ծառայություններին:

Որպես ռազմավարության հիմնական թիրախներ՝ նախարարի տեղակալը ներկայացրել է չափորոշչի, ծառայությունների մատուցման, ֆիզիկական ենթակառուցվածքների և ֆինանսավորման մոդելի վերաբերյալ ծրագրում տեղ գտած դրույթները:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ոլորտի հիմնական սկզբունքները, այն է՝ քաղաքային բնակավայրերում խրախուսել մասնավոր մանկապարտեզների առկայությունը՝ լիցենզավորման և վերահսկողության պատշաճ գործիքներով, գյուղական համայնքներում ստեղծել կրթահամալիրներ դպրոցական ծառայության հետ համատեղ և փոքրաքանակ համայնքներում ձևավորել այլընտրանքային մոդելներով գործող նախադպրոցական ծառայություններ:

Բացի դրանից՝ նախատեսվում է ապահովել աստիճանական զարգացման սկզբունք. նախակրթարանի ծառայություն՝ առաջնահերթ 5-6 տարեկան բոլոր երեխաների համար, այնուհետև հասնել շուրջ 95 տոկոսով ընդգրկվածության 3-5 տարեկանների համար, և վերջին փուլում զարգացնել մսուրի ծառայությունը՝ 0-3 տարեկանների համար: Հաջորդ կարևոր սկզբունքն է՝ նախադպրոցական ծառայությունների համայնքային պատկանելությունը պահել անփոփոխ՝ պետական բյուջեից ֆինանսավորում տրամադրելով առանձին սոցիալական խմբերի համար և ներդնելով համայնքների կողմից նախադպրոցական ծառայության ֆինանսավորման նոր մոդելներ:

Հանրակրթությունը կիրականացվի որակյալ կրթական ծառայությունների հիման վրա

Որպես հանրակրթության ոլորտի հիմնական սկզբունքներ՝ նախարարի տեղակալը մատնանշել է հետևյալ դրույթները՝ հանրակրթությունն իրականացվում է որակյալ կրթական ծառայությունների՝ մշակված տարածքային քարտեզի հիման վրա, հանրակրթության վարչատնտեսական կառավարումն իրականացվում է կենտրոնացված՝ պատվիրակված ծառայության ձևով՝ ներգրավելով ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային ծառայությունները:

Հաջորդ սկզբունքն է՝ դպրոցների բովանդակային և մեթոդական համակարգումն իրականացնում է կրթության կառավարման ոլորտի պետական լիազոր մարմինը՝ կենտրոնացված ձևով՝ զուգակցելով դպրոցների ստեղծագործական և մանկավարժական ինքնավարության հետ, իսկ ոչ պետական դպրոցները շարունակում են գործել իբրև էտալոնային՝ հանդիսանալով մանկավարժական այլընտրանքային մոտեցումների և նորարարության փորձարկման միջավայրեր:

Նախատեսվում է, որ իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների առնվազն 90%-ը

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախնական և արհեստագործական կրթության ոլորտում 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ կադրերի պատրաստումը: Նախատեսվում է, որ ուսումնառությունն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանքի կանցնի քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների առնվազն 90%-ը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի հիմնական սկզբունքները, այն է՝ հաստատությունների դասակարգում՝ ըստ հանրապետական և լոկալ նշանակության, հանրապետական նշանակության հաստատությունների կառավարման և ֆինանսավորման առանձնացված տրամաբանության ներդրում, մասնավորի հետ համատեղ կառավարման տարբեր մոդելների ներդրում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմքով, ինչպես նաև մասնագիտությունների ցանցերի ներդրում, արագ և ճկուն որակավորում նախատեսող մեխանիզմների ներդրում, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության արդյունքում միկրո որակավորումների ճանաչման միջոցով:

2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշ է սահմանվել՝ լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

Բարձրագույն կրթության ոլորտի ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները ներկայացրել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նրա խոսքով՝ որպես 2030 թվականի վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշներ են սահմանվել՝ լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ և բարձրագույն կրթության ոլորտում, ըստ մասնագիտության, աշխատանքի անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը:

Որպես ոլորտի հիմնական սկզբունքներ՝ փոխնախարարը մատնանշել է՝ պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում գործունեություն, մասնավորի հետ համատեղ կրթական ծրագրերի ներդրում և կադրերի պատրաստում, ՀՀ որակավորումների ազգային շրջանակի հետագա կատարելագործում և ամբողջական ներդրում՝ ապահովելով դրա համադրելիությունը եվրոպական որակավորումների համապարփակ շրջանակի հետ, ուսումնական ծրագրերի արդիականացում, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական համակարգի միջազգայնացում օտարերկրյա ուսանողների ներգրավման, շարժունության զարգացման և միջազգային դրական փորձի ներդրման միջոցով:

Բանախոսների զեկույցներից հետո կրթության զարգացման պետական ծրագրի յուրաքանչյուր ուղղության ներկայացումն ուղեկցվել է քննարկմամբ, որը մոդերացրել է «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի արտաքին կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներին հղելու իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ներառական կրթության հասանելիությանը, գյուղական համայնքների դպրոցների գործունեությանը, ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների որակավորման բարձրացմանը, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մանկավարժական կրթությանը, առցանց կրթական ծրագրերին և այլն:

Քննարկումն ամփոփել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և ներկաներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար: Նա տեղեկացրել է, որ ծրագիրը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում՝ բոլոր քաղաքացիներին և շահառու խմբերին հորդորելով մինչև մարտի 1-ը ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները: