ԳլխավորԼուրԽոսք

Աշխարհն այնքան բարդ չէ, ինչքան ներկայացնում են. Արտակ Հովսեփյան

Արտակ Հովսեփյան

Usanogh.am-ի բլից հարցազրույցը Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող Արտակ Հովսեփյանի հետ

1. Եթե հնարավոր է համառոտ՝ ի՞նչ է տվյալագիտությունը։

— Տվյալագիտությունը առարկա է, որն ուսումնասիրում մեզ շրջապատող տվյալները հավաքման և մշակման նպատակով։ Ժամանակակից աշխարհում տվյալագիտության սահմանները մեծացել են։ Առարկան ուսումնասիրում է մեծ տվյալների (Big Data) էությունը փորձելով հավաքել, համակարգել դրանք ու ամբողջական մատուցել մեքենաներին։ «Ամբողջական» տերմինն այստեղ առանցքային է, քանի որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել, երբ մեքենային տրամադրենք ամբողջական կամ գոնե ամբողջականին մոտ տվյալներ։ Հակառակ պարագայում մեքենայական ուսուցումը սխալ կամ թերի կլինի։

Այստեղ մենք խոսում են բազահազարանոց և բազմամիլիոնանոց համասեռ տվյալների մասին։ Հետևաբար ենթադրվում է, որ դա կատարվում է առավելապես մեքենայական միջոցներով։ Այս աշխատանքում մարդկային գործոնն անչափ կարևոր է, քանի որ կույր ու բութ մեքենաներն անընդունակ են զանազանելու մեծ տվյալները։ Միայն մարդիկ կարող են ապահովել դրանց անհրաժեշտ և համակարգված տվյալներով։

2. Արհեստական ինտելեկտ. ի՞նչ է այն, հնարավո՞ր է՝ երբեւէ փոխարինի բնական ինտելեկտին. օգուտներն ու հավանական վնասները։

Այս փուլում՝ առաջիկա 10֊15 տարում  անհնարին է, որ արհեստական բանականությունը մոտենա բնականին։ Շատ գործոններ կան, օրինակ՝ հուզականությունը, աբստրակտ մտածողությունը, որոնք դեռևս հասանելի չեն արհեստական բանականությանը։ Իհարկե դա չի նշանակում, որ արհեստական բանականության գործիքները չեն կարող վտանգավոր լինել մարդկանց համար։ Նոր տեխնոլոգիան պետք է համեմատել սուր դանակի հետ, որը միաժամանակ կարող է օգտակար կամ վտանգավոր լինել՝ կախված՝ թե ում ձեռքերում է գտնվում։ Սա հավերժական խնդիր է։ Անհիշելի ժամանակներից միշտ էլ  գիտական հայտնագործությունները  ծառայել են երկակի նպատակներով։ Սա ավելի բարոյական խնդիր է և ուղղակի առնչություն չունի իրական արարչագործության հետ։

3. Ինչպիսի՞ն է այժմ Հայաստանի դիրքը աշխարհի գիտական քարտեզում, ինչպիսի՞ն այն կարելի է դարձնել ու ինչպես։

— ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի դիրքը գիտական աշխարհում զրոյական է։ Ամբողջապես կործանվել է նախկին գերտերության գիտատեխնիկական բազան և նոր բան չի ստեղծվել։ Ավելին, 1991 թվականին իշխանության եկած ուժերը «սառը» պատերազմում հաղթած բանակի հետ բանավոր համաձայնության եկան, որ արմատապես փոխում են Հայաստանի զարգացման ուղեգիծը՝ տանելով նրան Արևմուտքին լաքեյական ծառայություններ մատուցելու  ուղիով (զբոսաշրջիկություն, սպասարկման ծառայություններ, գյուղատնտեսություն և այլն)։ Անցել է 32 տարի, բայց, ցավոք սրտի, այս պարադիգման դեռ  մնայուն է։

Ազգային արագացման հանրային նախաձեռնության լոգոնԱնհրաժեշտ է ուղղակի դեն շպրտել արհեստականորեն պարտադրված քաղաքականությունը և ծնկաչոք վիճակից կանգնել սեփական ոտքերի վրա։ Դա ամենևին անհնար ու սարսափելի չէ։ Ժամանակակից տեխնոլոգիաները անասելի աստիճան հասանելի և մատչելի են դարձել։ Տեսնել է պետք։ Մի փոքր օրինակ միայն․ գլոբալ աշխարհին չինտեգրացված Իրանը  ամեն օր ապացուցում է, որ ինքն ավելի զարգացած է, քան այն երկրները, որոնք իրենց գիտակադեմիաներով, ենթակառույցներով, ահռելի ֆինասական ներարկումներով կոշտ պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ։ Համենայն դեպս՝ ռազմաարդյունաբերության օրինակով, թեև իրանական արտադրողներն անչափ զարգացած են խաղաղ բնագավառներում նույնպես։

Մյուս կողմից մենք ամեն օր  տեսնում ենք, որ եմենցի, իրաքցի, լիբանանցի, պաղեստինցի անանուն ինժեներներն իրենց գյուտերով ընդունակ են հակադրվել «ամենազարգացած» երկրների ռազմական տեխնիկային։ Ցավոք, այս միտումը մնում է անբավարար գիտակցված Հայաստանի ՏՏ/ինժեներական համայնքի կողմից։ Տեղական շատ քիչ ձեռնարկություններ են, որ գնում են այլընտրանքային ճանապարհով, իսկ մեծամասնությունը տուրք է տալիս Արևմուտքի հետ ինտեգրվելու, ավելի շուտ ստորադասվելու ճանապարհին, աղմուկ֊աղաղակով, փիառ ակցիաներով։ Նրանց գյուտերն անօգուտ են լինելու Հայաստանի համար, որովհետև ամբողջապես ինտեգրացված են արևմտյան համակարգերի հետ։ Կարճ ասած, իքս ժամին արգելափակվելու են արևմտյան գործընկերների կողմից։

4. Հայաստանի կրթական համակարգը բուլոնյան է։ Ի՞նչ այլընտրանք եք առաջարկում դրան, եթե կարծում եք, որ այն, մեղմ ասած, լավագույն տարբերակը չէ մեզ համար։

— Դժվարանում եմ միանշանակ խորհուրդ տալ։ Ինձ կրթության մասնագետ չեմ համարում։ Սակայն համոզված  եմ, որ դասական՝ խորհրդային կրթությունը ձևավորում էր բազմակողմանի համակարգված ու խորքային աշխարհահայացք, որն ընդունակ էր ռազմավարական ու մարտավարական գիտելիքներ տալ երիտասարդությանը։

5. Մի քանի խորհուրդ ուսանողներին՝ ի՞նչ անել արդեն այսօր՝ վաղը անձնական ու հասարակական բարեկեցություն ունենալու համար։

— Աշխարհը բարդ չէ, ինչքան էլ ներկայացնում են և փորձում են ժամանակակից կեղծ տեղեկատվական  տարափով մոլորեցնել։  Ներկա սերունդն էլ, ինչքան էլ տհաճ լինի, էվոլյուցիայի գագաթնակետը չէ։ Դա 2 դար արվում է՝ առավելապես կտրելու հորմոնային ակտիվության շրջանում գտնվող  երիտասարդությանն ազգային և ավանդական արմատներից։ Թե ինչ նպատակով՝ այլ խոսակցության թեմա է։ Համենայն դեպս դա այն չէ, ինչի մասին երիտասարդությունը երազում է։

Դուրս գալ է պետք այս մեյնսթրիմից։ Ոչ ոք չի պնդում, թե պետք է հետևել ազգային ու ավանդական դոգմաներին։ Արդիականացրեք դրանք, բայց առանց բուն բովադակության խեղաթյուրման, որովհետև հազարամյակներ շարունակ դրանց շնորհիվ է հարատևել մեր ազգը։ Այս տեկտոնիկ ցնցումների պայմաններում միշտ առաջնորդվեք ազգային ու ավանդական ուղենիշներով, եթե չեք ուզում սայթաքել և գահավիժել։ Իսկ բարեկեցության հարցով անձնական կյանքով ու փորձով  ապացուցված խորհուրդ կտամ․ կենտրոնանալ բացառապես հոգևոր ու մտավոր պրպտումների վրա։ Վաղ թե ուշ բարեկեցությունը գալու է որպես շնորհ ու ընծա։