ԳլխավորԼուր

STARMUS VI փառատոնի ծրագիրն ու միջոցառումները

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ. հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին նաև Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։

STARMUS փառատոնի հիմնական ծրագիրը

• Կոնֆերանս «Բացահայտի՛ր տիեզերքը և փոխի՛ր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրի տարածքում, ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն,

• Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»,

• «108 րոպե կլոր-սեղան քննարկում»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ (առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքը տևել է հենց 108 րոպե — խմբ.),

• Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։

Նախատեսված են նաև ոչ պակաս կարևոր և ծրագրի մաս կազմող հավելյալ միջոցառումները, որոնք ամենատարբեր ձևաչափերով մշակվել են հատուկ հայաստանյան փառատոնի համար:

Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար (Science Camp). Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։

Թեմաներն են՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ»։

Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաներ (Space Technologies) երկօրյա կոնֆերանսը, որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 20 խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագրին մասնակից հայաստանյան բուհերի (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) մասնակցությամբ հնարավորություն է ընձեռվելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների:

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են նաև բազմաթիվ այլ գունեղ միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական՝ https://www.starmus.com/Armenia էջում։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։