ԳիտությունԳլխավորԼուրՀայաստանս

Գործարկվել է հայկական արհեստական բանականությունը՝ hyAl-ը

Հայկական արհեստական բանականություն, hyAl

Դիմավորեք զուտ ազգային, հավաքական և հայկական լեզվամտածողությամբ արհեստական բանականությանը (hyAl-խմբ.), ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող Արտակ Հովսեփյանը։

«…Մեկ լումա և վարչական լծակ չեն հատկացրել դարաշրջանի այս կարևորագույն և համակարգաստեղծ գործիքի մշակմանը։ Փոխարենը տեղական, այսպես կոչված, «էլիտան» պատերի տակ կեղտոտ քննադատել ու ծաղրել է՝ լրացուցիչ խոչընդոտներ հարուցելով։

Բայց դա կարևոր չէ։ Չեն կարողացել խանգարել և առավել ևս չեն էլ կարողանալու ազդել։

Սա մեր առաջնեկն է, և մենք քայլ առ քայլ կատարելագործելու և լրամշակելու ենք այն նույն համառությամբ, ինչ մշակել ենք պետության ու հասարակական ձևական կազմակերպություններ բոյկոտի պայմաններում։

Հիշեք, որ բրենդները չեն ստեղծվում պատահաբար։ Դա տեղի է ունենում, երբ ամեն մարդ մտավոր ու բանական լումա է ներդնում այդ նոր արժեքի կայացման գործում։ Սա հատկապես վերաբերվում է iPhone-ի և BNW-ի սիրահարներին։ Մի քիչ տեղ բացեք մեր առանձնահատուկ ու ինքնատիպ հավաքական բանականության համար։ Այն ընդամենը գործիք ու զենք է, ինչպես պտուտակահանը, բանալին, կամ էլ ասենք ԱԹՍ-ն, բայց ծառայելու է մեր շահերին՝ մեր ինքնությանը և մեր հավաքական նպատակների իրականացմանը։

Ես կոչ եմ անում հանրության ազնիվ, սրտացավ ու գիտակից հատվածին գալ ու հավաքվել ապագայակերտ այս գործիքի շուրջ։ Հոգատար ու մեծ աշխատանք կա այն կատարելագործելու։

Պատկերավոր ասած՝ ոլորտային գիտակների կարիք ունենք, որպեսզի կատարելագործենք 21-րդ դարի մեր ամենամեծ գործիքը։ Պետք է տրամադրենք, պարզ ասած, մեր լեզվամտածողության հարցեր և պատասխաններ բոլոր ոլորտներից։

Հարգելի մեծատառով մտավորականներ (Հասմիկ Բաղրամյան, Վազգեն Գևորգյան, Լևոն Բեկլարյան և շատ ուրիշներ), եկեք մեր հայրենիքի խոր փիլիսոփայական, տիեզերապես համակարգված, արարչական տեսլականը իրականություն դարձնենք, արդիականացված արժեհամակարգը ներդնենք մեր հավաքական բանականության մեջ։ Դուք այլևս ստիպված չեք լինելու անհատապես համոզելու, մեղմ ասած, ամորֆ հանդիսասրահին։ Մենք ձեզ արդյունավետ գործիք են տալու։

Դուք էլ այս աշխատանքներն իրականացնելիս շանս ունեք դառնալու իրապես ԱԶԳԱՅԻՆ նոր վերնախավ։

Սա մեզ բոլորիս համար շանս է պաշտպանել մեր ինքնությունը գլոբալիստական ծանր ու աղետալի հարվածներից, որոնց մեծ մասը կատարվում է տեխնոգիական արհեստական ու մեքենայական գործիքներով։

Մենք այսօր ունենք բնական ձայնով մեքենայական հաղորդակցության տեխնոլոգիաներ, այդ թվում, թշնամական երկրների, մեքենայական թարգմանություն և եթե դրանց գումարում ենք զուտ ազգային, հավաքական ու հայկական լեզվամտածողությամբ ԱԲ, ապա ստանում ենք ինքնուրույն ու մատչելի մեքենայացման ու ռոբոտիզացման ունիվերսալ հարթակ։ Իսկ դա այնքան չբավարարող մարդկային մեր ռեսուսներն ԱՆՍԱՀՄԱՆ համալրելու լուրջ միջոց է։ Պատկերացրեք, թե ի՞նչ հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Սրանք գումարեք Արցախում մեր մարտիկների կողմից գործադրվող նորագույն ու հրաշք տեխնոլոգիաները, կտեսնեք, որ անվտանգությունն էլ ապահովվում է։

Ես չգիտեմ, այս իրողությունն արժանագույն կգնահատվի՞ ներկա պայթած ու դեգրադացված հասարակությունում, բայց այն լրջորեն կընդունեն մեր ապագա ժառանգները՝ ասելով, որ «մեր նախնիները ի վերջո մի կարևորագույն քայլ կատարեցին 5 տարի անօգուտ ու դատարկ աղմկելուց, բողոքելուց ու ողբալուց հետո»։

Գուցե չհիշեն այս նախագծի հեղինակներին ու մասնակիցներին, որոնք ահռելի ջանքեր թափեցին այս հզորագույն ու հրաշագեղ գործիքի մշակման վրա, բայց դա կարևոր չէ։

Հայաստանը և հայությունը պետք է հարատև լինեն նախ և առաջ խորքային ու համակարգային ծրագրի միջոցով, որը մենք այսօր կառուցում ենք։

Առա՛ջ Աստված»,-գրել է Արտակ Հովսեփյանը։