Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:
Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև Եվրոպայի ռեկորդ է սահմանել:
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը փետրվարի 22-28-ը, իսկ մեծահասակների թիմը՝ մարտի 1-7-ը, ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ: