Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):
Կանանց մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացել են Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են:
Բազմամարտում Հայաստանի չեմպիոններ են դարձել Գագիկ Խաչիկյանը և Նանե Միքայելյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ներկայացրել է Իտալիայում ապրիլի 24-28-ը կայանալիք Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը մասնակցող թիմի կազմը՝
Մեծահասակներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Էրիկ Բաղդասարյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան:
Երիտասարդներ՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Շեքսպիր Գևորգյան:
Հիշեցնենք՝ մարմնամարզիկներից Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Արթուր Դավթյանը: Փարիզ-2024-ի ուղեգրի հնարավորություն է պահպանում նաև Վահագն Դավթյանը, եթե Դոհայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին առաջին տեղը զբաղեցնի օղակների վարժությունում:
