ԳլխավորԼուր

ԲԳԿ կոմիտեն՝ ոչ պետական չհավատարմագրված բուհերի ավարտական վկայականների մասին

Ավարտական դիպլոմներ՝ ՀՊՄՀ-ի շրջանավարտներին

Ուսումնասիրելով ոչ պետական չհավատարմագրված բուհերի ավարտական վկայականների վերաբերյալ քաղաքացիների հարցումները և մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտնում է, որ առկա իրավիճակի նախադրյալները պայմանավորված չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարության) կողմից նախաձեռնված որևէ նոր իրավական գործընթացով:

Անդրադառնալով հարցի նախապատմությանը՝ հարկ է արձանագրել հետևյալը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Միևնույն ժամանակ, ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին վերոնշյալ օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում 2005-2017 թվականների ընթացքում պարբերաբար հնարավորություն է տրվել ստանալու պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ` պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն:

Վերոնշյալ հիմքով ամփոփիչ ատեստավորման քննություններ կազմակերպվել են 2005, 2006, 2011, 2012, 2013, 2015, 2016 և 2017 թվականներին, որոնց անցկացման վերաբերյալ սահմանված ժամկետներում տեղադրվել են հայտարարություններ Նախարարության կայքում և իրականացվել է շահագրգիռ անձանց պատշաճ իրազեկում զանգվածային լրատվության միջոցներով: Նշված գործընթացի արդյունքում բազմաթիվ շրջանավարտներ հնարավորություն են ստացել փոխարինելու իրենց ոչ պետական նմուշի դիպլոմը, իսկ անբավարար գնահատական ստանալու դեպքում նրանց հնարավորություն է տրվել վերահանձնելու տվյալ առարկան հաջորդ ատեստավորման քննության ժամանակ:

Ելնելով վերոհիշյալից նշենք, որ Նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների, ինչպես նաև կրթության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի շրջանակում նման իրավասություն այլևս չունի:

Միաժամանակ, հարկ է նշել, որ առաջնորդվելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բարձրագույն կրթության որակի ապահովման և մրցունակության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության առաջնահերթությունից՝ Նախարարության կողմից չի նախատեսվում չհավատարմագրված ոչ պետական բուհերի (մասնագիտությունների) նախորդ տարիների շրջանավարտների ոչ պետական նմուշի դիպլոմը պետական նմուշի ավարտական փաստաթղթով փոխարինելու նոր գործընթացի կազմակերպում:

Ինչ վերաբերում է ոչ պետական նմուշի դիպլոմ ունեցող քաղաքացիների աշխատանքային իրավահարաբերությունների հարցերին, ապա հայտնում ենք, որ խնդրի կարգավորումը դուրս է Նախարարության իրավասության շրջանակներից և ենթակա է կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսգրքի և կիրառելի այլ օրենքների համատեքստում: