Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Նրանք այսուհետ կկրեն մեծ մտածող և փիլիսոփա Մոնտեսքյոյի անունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ ՀՖՀՀ-ն մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական միջբուհական համագործակցության գործում և կարող է դառնալ կարևորագույն հարթակ՝ տարածաշրջանում կրթահետազոտական Ֆրանկոֆոն համալիրի ստեղծման և կայուն զարգացման համար:
«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք, անշուշտ, նպաստելու եք Հայաստանի Հանրապետության տնտեսության հետագա զարգացմանը և ձեր նպաստն եք բերելու հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը: Վստահ եմ, որ Հայաստանի ֆրանսիական համալսարանում ձեռք բերված գիտելիքներն էապես ծառայելու են այդ նպատակներին: ԿԳՄՍ նախարարության անունից ցանկանում եմ վերահաստատել, որ համալսարանը, լինելով կրթագիտական և հետազոտական հարթակ, լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության զարգացմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը և նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել համալսարանի գործունեությանը և շարունակելու է խթանել բուհի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունները:
Փոխնախարարի համոզմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու պետությունների զարգացման: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ղեկավարությանն ու ռեկտոր Բերտրան Վենարին բուհի զարգացման գործում ներդրած ջանքերի համար։
ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ իր համար մեծ հպարտություն է լինել նման խելացի, լայն աշխարհայացք ունեցող և նպատակասլաց երիտասարդների ռեկտորը։ Նա ընդգծել է, որ համալսարանում կարևորվում է ուսուցանվող առարկաների ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ինչի շնորհիվ շրջանավարտները հաջողության են հասնում իրենց մասնագիտական գործունեության մեջ։
Միջոցառման ընթացքում նշվել է, որ ՀՖՀՀ-ի հաջողության գրավականներից մեկն այն է, որ շրջանավարտներին շնորհվում է 2 պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական), որը հնարավոր չէր լինի, եթե Հայաստանում ֆրանսիական համալսարանը չունենար այնպիսի հավատարիմ գործընկերներ, ինչպիսիք են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանը: