ԳլխավորԼուր

Դիպլոմներ՝ ՀԱՀ-ի ավելի քան 500 շրջանավարտների

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր հանդիսավոր միջոցառում էր. ավելի քան 500 շրջանավարտների շնորհվեցին բակալավրիատի ու մագիստրատուրայի դիպլոմներ:

Ողջույնի խոսքում Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ հեշտ չի եղել նրանց ուսումնական ուղին.

«2022 թվականի սիրելի շրջանավարտներ, համալսարանն ավարտելը ոչ միայն ձեր կյանքի, այլև համալսարանի պատմության համար կարևոր իրադարձություն է: Համավարակի ընթացքում մենք միասին հաղթահարեցինք բարդ մարտահրավերները: Դա հնարավոր չէր լինի առանց միմյանց հետ համագործակցելու: Մենք արդեն ոչ միայն վերադարձել ենք նախահամավարակային կրթական մոդելին, այլև մեկնարկել ենք նոր կրթական ծրագրեր»,-ասաց Կարին Մարկիդեսը:

Հանդիսավոր միջոցառման հատուկ հյուր, «Սթարմուս» փառատոնի հեղինակ և համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ողջունելով ու շնորհավորելով շրջանավարտներին, ներկայացրեց իր անցած ուղին, կիսվեց իր ձեռքբերումներով:

«Կյանքում ամեն ինչ հենց այնպես չի տրվելու, պետք է վաստակել, աշխատել ջանասիրաբար, լինել ստեղծարար: Մի փորձեք կրկնօրինակել ուրիշներին, փորձեք ստեղծել ձեր ուղին: Եղեք նպատակասլաց: Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչի կարիք ունի ձեր երկիրն ու համայնքը, հետո հարցրեք՝ ինչպես կարող եք ձեր ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման հարցում»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:

Միջոցառման ընթացքում նաև հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ: 2022 թվականի ՀԱՀ նախագահական պատվոգիրը, որը տրվում է կրթության, հետազոտության և իրազեկման գործում բացառիկ ներդրում ունեցած անձանց, հանձնվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: