ԳլխավորԼուր

Փոխնախարարը նշել է՝ քանի շրջանավարտ կունենան ՀՀ դպրոցները

2021 թվականին դպրոցին հրաժեշտ կտա մոտ 21 հազար 12-րդ դասարանցի։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Շրջանավարտների ակնկալվող թիվը 12-րդ դասարանցիների պարագայում կլինի շուրջ 20 800-ից մի փոքր ավելի, այսինքն՝ շուրջ 21 հազար: 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը կլինի շուրջ 33 հազար: Մեզ մոտ այս պահին Արցախի Հանրապետությունից մոտ 5000 աշակերտ կա, որոնք շարունակում են կրթություն ստանալ ՀՀ հաստատություններում և նրանց թվում էլ կան շրջանավարտներ»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Ուսումնական տարվա ավարտը միատեսակ չի լինելու։ 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին:

Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Comment here