ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառումը՝ Օպերայում

Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում հունիսի 15-ին տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր, հայտնում են ԵՊՀ-ից։

Հանդիսությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ապա հնչեց ԵՊՀ հիմներգը:

Ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՊՀ ԳԽ անդամների միաձայն որոշմամբ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Պատապուտյանին, որը հանդես եկավ շնորհավորական ելույթով։

«Ես ցանկանում եմ խոսել հաջողության մասին․ եթե ես գտել եմ հաջողությունը, դուք ևս, անշուշտ,  կարող եք գտնել այն: Ես ձեզ հորդորում եմ լինել ձգտող: Հաջողությունն ինձ համար այն է, երբ դու անում ես քո սիրելի աշխատանքը և փորձում ես դա անել լավագույնս։ Ես հաճախ որդուս ասում եմ, որ ընտրի այնպիսի մասնագիտություն, որը նա սիրով կկիրառի աշխատանքում: Միայն այս մոտեցումը որդեգրելու դեպքում է հնարավոր հասնել հաջողության կամ հայտնիության, սակայն նույնիսկ եթե երբեք դրանք ձեռք չբերես, կարևորն այն է, որ բավարարված կլինես»,- իր խոսքում ասաց ականավոր գիտնական Ա․ Պատապուտյանը:

Համերգային ծրագիրը մեկնարկեց համալսարանի ստեղծման և կայացման հիշարժան ու կարևոր պահերի մասին պատմող ֆիլմով։

Ներկաները լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում անմահացած համալսարանականների հիշատակը, որից հետո ցուցադրվեց հերոսներին նվիրված տեսանյութ։

Մշակութային համարներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Հարություն Արզումանյանը, երգիչներ Գոռ Սուջյանը, Ռուսլան Էլյազյանը, օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը։