ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրովֆ» ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։
Հուշագրի համաձայն՝ «Գրովֆ» ակադեմիայի շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում կստեղծվի Չիպերի նախագծման և ճարտարապետության լաբորատորիա (Grovf Academy Chip Design and Architecture Lab), որն ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ և գերժամանակակից միջավայր։
Ըստ հուշագրի՝ ԵՊՀ բակալավրի և մագիստրոսական ուսումնական ծրագրերում կընդգրկվի «Համակարգչային ճարտարապետություն և չիպերի նախագծում» կամընտրական դասընթացը, որի անցկացման գործընթացում կներգրավվեն նաև «Գրովֆ» ընկերության որակավորված մասնագետները։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի հավաստմամբ՝ համագործակցությունը հնարավորություն կտա տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրությունը բարձրացնելու նոր մակարդակի։
«Գերմեծ ինտեգրալ սխեմաներին առնչվող խնդիրների լուծման գործում արդեն իսկ ներգրավված են մեր հետազոտողներն ու ուսանողները, սակայն այժմ հնարավորություն կա անմիջապես առնչվելու նախագծման աշխատանքների հետ։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվելու գոյություն ունեցող սխեմաների որակի ուսումնասիրությամբ, այլ անմիջականորեն զբաղվելու ենք նաև դրանցում ընթացող ֆիզիկական գործընթացների վերլուծությամբ, ինչը նոր մակարդակ է։ Անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են նախագիծը հաջողելու համար»,- ասաց նա։