Հարավային Կորեայի ամենահեղինակավոր համալսարանների դասախոսները միացել են երկրի՝ ժողովրդականություն չվայելող նախագահ Յուն Սոկ Յելի հրաժարականի կոչերին: Սեուլի ազգային համալսարանի (SNU) ավելի քան 500 դասախոսներ (Յուն Սոկ Յելն այդ համալսարանի շրջանավարտ է-խմբ.) հայտարարություն են ստորագրել ՝ պահանջելով սկանդալային առաջնորդի հրաժարականը, հայտնում է The Korea Herald-ը:
«Ժողովրդավարությունը փլուզվել է, և հետընթացը բոլոր ոլորտներում լուրջ երևույթ է։ Նախագահ Յունը պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։ Նրա հրաժարականը բացարձակապես անհրաժեշտ է կորեական հասարակության ապագայի համար», — ասվում է հայտարարության մեջ:
Բացի նախագահից, կոռուպցիայի մեղադրանքներ են հնչում նրա կնոջ՝ Կիմ Կեոն Հիի նկատմամբ։ Քննադատները նրանց մեղավոր են համարում այդ թվում 2022 թվականի հոկտեմբերին Սեուլում մահացու հրմշտոցի համար, որի հետևանքով զոհվեց 159 մարդ։
Համալսարաններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դեռ հոկտեմբերից։ Գաչոնի համալսարանին հետագայում միացան Մայր բուհը, Կորեայի համալսարանը, Յոնգեի համալսարանը և Էվհայի Կանանց համալսարանը։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ նոյեմբերի վերջին նախագահի վարկանիշը նվազել է մինչև 19 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի մայիսին նրա ընտրվելուց ի վեր։
Նախագահական «Ժողովրդի ուժը» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց այս տարվա սկզբին կայացած խորհրդարանական ընտրություններում, իսկ բժշկական բուհերում տեղերի շուրջ վեճը մեծացրեց կառավարության ղեկավարության հետ կապված մտահոգությունները:
Յունը մնաց նախագահի պաշտոնում, բայց արդյունքում այժմ ունի սահմանափակ լիազորություններ բարեփոխումներ իրականացնելու համար: