Հայրենիքի փրկության շարժումը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: Այս մասին կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մինչև երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների:
Հավելենք, որ ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որի ավարտից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական ամառանոցներ։
Տեղեկացնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։