ԳլխավորԼուր

Վարչապետը հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց անող երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարություն՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը գնալիս հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ։ Վերջիններս վարչապետին ներկայացրել են իրենց տեսակետը, նշելով, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

«Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասել է վարչապետը:

Նստացույցի մասնակիցները նշել են, որ նախարարը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: «Ես երաշխավորում եմ, որ, եթե լսելու խնդիր կա, կուղղվի, բայց ես եկել եմ և հիմա ձեզ լսում եմ»,- նշել է Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին: Բողոքի պատճառը բուհերի պարտադիր ծրագրից «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները հանելու նախաձեռնությունն է, նաեւ՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորումը։

Comment here